Աշխատանքային իրավունքՀունիսի 4, 20268 րոպե ընթերցում

Զինվորական վարժական հավաքներ․ ի՞նչ պետք է իմանա գործատուն

Ինչ պետք է իմանա գործատուն, երբ աշխատակիցը կանչվում է զինվորական վարժական հավաքների՝ աշխատատեղի պահպանում, աշխատավարձի հաշվարկ, փաստաթղթաշրջանառություն և օրենսդրական պահանջներ։

Զինվորական վարժական հավաքներ․ ի՞նչ պետք է իմանա գործատուն

Ի՞նչ են զինվորական վարժական հավաքները

Զինվորական վարժական հավաքները պահեստազորում հաշվառված քաղաքացիների ռազմական պատրաստության միջոցառումներ են, որոնց նպատակն է պահպանել և կատարելագործել նրանց ռազմական գիտելիքները, հմտություններն ու պատրաստվածությունը։

Վարժական հավաքներին մասնակցությունը օրենքով նախատեսված պարտականություն է, և համապատասխան կանչագիր ստացած քաղաքացին պարտավոր է ներկայանալ հավաքներին՝ օրենքով սահմանված կարգով։

Ո՞վ կարող է ներգրավվել վարժական հավաքների

Վարժական հավաքների կարող են ներգրավվել պահեստազորում հաշվառված քաղաքացիները, որոնք ստացել են համապատասխան կանչագիր կամ ծանուցում։

Վարժական հավաքներին կարող են ներգրավվել ոչ միայն երիտասարդ տարիքի աշխատակիցները։ Ներգրավման հնարավորությունը կախված է անձի զինվորական հաշվառման կարգավիճակից, զինվորական կոչումից և զինվորական մասնագիտությունից։

Ինչպե՞ս են ներգրավվում վարժական հավաքներին

Վարժական հավաքներին մասնակցելու համար քաղաքացին ստանում է համապատասխան կանչագիր կամ ծանուցում։

Կանչագիր ստացած աշխատողը պարտավոր է ներկայանալ նշված վայր և ժամանակ, եթե օրենքով նախատեսված հիմքերով ազատված չէ կամ չունի տարկետման իրավունք։

Որքա՞ն է տևում վարժական հավաքը

Վարժական հավաքների տևողությունը կարող է տարբեր լինել՝ կախված պետական մարմինների որոշումներից և հավաքների նպատակներից։

Վերջին տարիներին կազմակերպվող վարժական հավաքների մեծ մասի տևողությունը կազմել է մինչև 25 օրացուցային օր, սակայն յուրաքանչյուր դեպքում անհրաժեշտ է առաջնորդվել համապատասխան իրավական ակտով։

Վճարվում է արդյոք պետության կողմից

Այո։ Վարժական հավաքների ընթացքում քաղաքացին ստանում է որպես զինծառայող հաշվարկվող դրամական ապահովություն՝ օրենքով սահմանված կարգով։

Ի՞նչ պետք է իմանա գործատուն

1. Վարժական հավաքների ամբողջ ժամանակահատվածում աշխատողի աշխատատեղը պահպանվում է

ՀՀ աշխատանքային օրենսգրքի համաձայն՝ աշխատողի կողմից պետական կամ հասարակական պարտականությունների կատարումը չի կարող հիմք հանդիսանալ նրա նկատմամբ կարգապահական տույժ կիրառելու կամ աշխատանքային պայմանագիրը լուծելու համար։

Հետևաբար, զինվորական վարժական հավաքների ընթացքում գործատուն պարտավոր է պահպանել աշխատողի աշխատատեղը (պաշտոնը)։

2. Վարժական հավաքների ներգրավվելու մասին գործատուն ընդունում է անհատական իրավական ակտ (հրաման)

Վարժական հավաքներին ներգրավված աշխատողից գործատուն պահանջում է կանչագրի պատճենը, համոզվում է դրանց ժամկետների վերաբերյալ և ընդունում անհատական իրավական ակտ, որում նպատակահարմար է սահմանել՝

  • Վարժական հավաքներին ներգրավված աշխատողի տվյալները,
  • Վարժական հավաքների ժամկետները,
  • Վճարման կարգը,
  • Աշխատանքի վերադառնալու օրը։

3. Աշխատավարձի հաշվարկը վարժական հավաքների ժամանակահատվածում

ՀՀ աշխատանքային օրենսգրքի համաձայն՝ աշխատողին վարժական հավաքների ներգրավելիս գործատուն առաջին 30 օրացուցային օրերի ընթացքում շարունակում է վճարել յուրաքանչյուր աշխատանքային օրվա համար աշխատողի հիմնական աշխատավարձի (գործավարձով վարձատրվող աշխատողների դեպքում՝ միջին աշխատավարձի, բացառությամբ պարգևատրման գումարների) և այդ ընթացքում վարժական հավաքներին մասնակցելու օրացուցային օրերի համար աշխատողին որպես զինծառայող հաշվարկված դրամական ապահովության առնվազն դրական տարբերությունը։

Երեսուն օրացուցային օրը գերազանցող ժամանակահատվածի համար աշխատողի աշխատավարձը որոշվում է գործատուի և աշխատողի համաձայնությամբ կամ կոլեկտիվ կամ աշխատանքային պայմանագրով նախատեսված կարգով՝ այն գործատուների դեպքում, որոնք պետական մարմին չեն համարվում։

Պետական մարմին համարվող գործատուների դեպքում կարգավորումն այլ է. նրանք շարունակում են 30 օրացուցային օրերից հետո նույնպես վճարել նույն կարգով, ինչ առաջին 30 օրերի ընթացքում։

4. Այլ կարգավորումներ վարժական հավաքների ժամանակ

  • Վարժական հավաքների ժամանակահատվածը փորձաշրջանի ժամկետի մեջ չի հաշվարկվում։
  • Վարժական հավաքների ժամանակահատվածը աշխատաժամանակի մեջ չի հաշվարկվում, սակայն ներառվում է աշխատանքային ստաժում։
  • Վարժական հավաքների դեպքում ամենամյա արձակուրդը տեղափոխվում է։
  • Միջին աշխատավարձը հաշվարկելիս (օրինակ՝ ամենամյա արձակուրդի վճարի հաշվարկման համար) հաշվետու 12 ամիս ժամանակահատվածի մեջ վարժական հավաքների ժամանակահատվածը չի ներառվում։

Ամփոփում

Եթե ձեր աշխատակիցը կանչվել է զինվորական վարժական հավաքների, գործատուի հիմնական պարտականություններն են՝

  • ընդունել և պահպանել համապատասխան փաստաթղթերը,
  • պատշաճ ձևակերպել աշխատողի բացակայությունը,
  • պահպանել աշխատողի աշխատատեղը (պաշտոնը),
  • չխոչընդոտել աշխատողի մասնակցությանը վարժական հավաքներին,
  • ապահովել աշխատանքային օրենսդրության պահանջների պահպանումը։

Զինվորական վարժական հավաքների վերաբերյալ իրավական պահանջների ճիշտ կիրառումը թույլ է տալիս միաժամանակ պաշտպանել աշխատողի իրավունքները և նվազեցնել գործատուի իրավական ռիսկերը։

Share

Need counsel on this?

Speak with leadership directly.

Engagements begin with a 20-minute call with Mariam Harutyunyan.

Book a call